Ամեն ուրբաթ, ժամը 15.15-16.00, տեղի ունեցող ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառվում է մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում:
Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ համերգի ձևով: Համերգի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով. ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ-համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները՝ երգ, պար, ընթերցում, թատերական։ Դրանք ուղեկցվում են հատուկ պատրաստված տեսանյութերով։ Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը: Պարապմունքը բաց է բոլորի՝ սովորողների, ծնողների, այլոց համար. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու, մնում են մինչև վերջ: Պարապմունքը արտագնա՝ որպես հանրային որևէ հարթակում տոնախմբություն-համերգ-ցուցադրություն, կարող է կազմակերպվել նախագծի ղեկավարի հայտով, կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։
Պարապմունքին մանկավարժական աշխատողների, սովորողների մասնակցության հաշվառումը ներառված է դպրոցի, խմբի (դասարանի, ակումբի) հաշվառման մատյաններում, իրականացվում է սահմանված կարգով, դպրոցի ղեկավարի կողմից կամ նրա որոշած անձանց միջոցով։
Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը և լուսաբանումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է, որը հաշվառվում է նախագծի ղեկավարի, մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է, գնահատվում։ Պարապմունքի ծրագիրը՝ նյութերով, mskh.am-ում հրապարակվում է առնվազն երկու օր առաջ:
Մանկավարժության կենտրոնի ղեկավարը հաստատում է ընդհանուր մեդիապարապմունքի պատասխանատուների ցուցակը ուսումնական շրջանի համար: Պարապմունքին սովորողի մասնակցությունը որոշում է դպրոցի, նախագծի ղեկավարը։ Մեդիապարապմունք-համերգի համակարգողներն են կրթահամալիրի ծեսերի մասնագետը և երաժշտության կենտրոնի ղեկավարը։