Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2007թ. հունվարի 31-ի նիստում,
փոփոխությունները` 2010թ. հունիսի 30-ի նիստում
- «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ կրթահամալիր) մանկավարժական աշխատողներ են դասավանդողը՝ կրթահամալիրում ուսումնական ծրագրեր իրականացնող ուսուցիչը, ուսուցչի օգնականը, նախադպրոցական խմբի դաստիարակը, երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչը, ներառականության մասնագետը, ուսումնական վարպետը, զինղեկը, կազմակերպիչը, մանկավարժական աշխատանք կատարող այլ մասնագետ:
- Մանկավարժական աշխատողն աշխատանքի է ընդունվում կրթահամալիրի խորհրդի սահմանած՝ մանկավարժական աշխատողի հրապարակային ընտրության կարգով կամ որպես հրավիրյալ մասնագետ: Աշխատողի հետ կրթահամալիրի տնօրենը (այսուհետ՝ Տնօրեն) կնքում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագիր:
- Մանկավարժական աշխատողը պիտի ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, համակարգչային ծրագրերով (MS Office, դասավանդմանն առնչվող այլ ծրագրեր), ինտերնետով աշխատելու հմտություն, ուսումնական, հետազոտական աշխատանքում օգտագործի առնվազն մեկ օտար լեզու:
- Մանկավարժական աշխատողն իր աշխատանքի մեջ պիտի գործածի Live&Edu հասցեների համակարգը, մասնակցի կրթահամալիրի բաց մեդիամիջավայրի (կայք, ենթակայքեր, մեդիագրադարան, բլոգային ցանց) պահպանման և զարգացման աշխատանքին, սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպելու, արդյունքները հրապարակելու համար գործածի համացանցը:
- Մանկավարժական աշխատողը պետք է ունենա աշխատանքային սեփական գործիքներ` անհատական համակագիչ, ինտերնետ, ֆոտոխցիկ (անհրաժեշտ թվային այլ միջոցներ), սահմանված կարգով վարի իր ուսումնական բլոգը:
- Մանկավարժական աշխատողը պիտի իմանա կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը, դրանց ուսումնական պլանները՝ իրենց պարզաբանումներով:
- Մանկավարժական աշխատողը պիտի կազմակերպի սովորողների ուսումնական-հայրենագիտական-բնապահպանական գործունեությունը և (կամ) մասնակցի դրան:
- Մանկավարժական աշխատողի հիմնական աշխատատեղը (աշխատավայրը) ուստարվա համար որոշում է Տնօրենը: Մանկավարժական աշխատողի անմիջական ղեկավարը մասնաճյուղի ղեկավարն է: Մանկավարժական աշխատողի համար իր հիմնական աշխատատեղում ապահովվում են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, ինտերնետից, ուսումնական միջոցներից, ուսումնական գրականությունից անարգել և անվճար օգտվելու հնարավորություն:
- Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը մասնակցում է մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի, կրթահամալիրի զարգացման ծրագրի, պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերի իրականացմանը, և պարտավոր է ապահովել հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողի կողմից:
- Մանկավարժական աշխատողը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել իր աշխատանքային պլանի (այսուհետ՝ Պլան) կազմմանը, սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունները, սովորողների հետ՝ իր ղեկավարած ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցման) հաշվետվությունը, հետազոտական անհատական և խմբային աշխատանքի արդյունքները, իր ղեկավարած ուսումնական նախագծի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդության, անցկացրած վերապատրաստման, կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի հաշվետվություն:
- Մանկավարժական աշխատողի Պլանը հաստատում է մասնաճյուղի ղեկավարը և ներկայացնում Տնօրենին:
- Մանկավարժական աշխատողի ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), պաշտոնի նկարագրությամբ: Անընդմեջ դասավանդման տևողությունը չի կարող գերազանցել 45 րոպեն:
- Մանկավարժական աշխատողը ուսումնական տարվա կամ ուսումնական շրջանի համար կազմում է իր կողմից դասավանդվող դասընթացի ծրագիրը և դպրոցի, քոլեջի, ուսումնական կենտրոնի, մասնախմբի ղեկավարներին ծանոթացնելուց հետո հրապարակում դրանք, ստեղծում կամ ընտրում ուսումնական նյութերը:
- Դասավանդման հետ կապված՝ ուսուցման աշխատանքի մյուս մասը, որը նորմավորված չէ և նախատեսված է Կանոնադրությամբ, Կանոններով, Պլանով, կարող է ներառել՝
- կրթական, մեթոդական խորհուրդների, կրթական ծրագրով նախատեսված ծնողական ժողովների, խորհրդատվությունների, առողջարարական, դաստիարակչական և այլ միջոցառումների անցկացման աշխատանքները,
- այն ժամանակը, որ ծախսվում է անմիջականորեն սովորողներին, սաներին ուսուցանելու և դաստիարակելու, նրանց անհատական ընդունակությունների, հետաքրքրությունների և հակումների, ինչպես նաև նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները ուսումնասիրելու նպատակով, նախապատրաստական աշխատանքների համար,
- սովորողների բլոգների, ուսումնական աշխատանքների ստուգման, ուսումնական կաբինետների ղեկավարման և այլն:
- Դասավանդողը դասացուցակով ազատ ժամերն օգտագործում է իր որակավորման բարձրացման, ինքնուսուցման և այլ պարապմունքների նախապատրաստման համար, որը ներառվում է աշխատաժամանակում:
- Պլանով որոշված գործունեության արդյունքում մանկավարժական աշխատողը պետք է տիրապետի.
- իր աշխատանքը ծրագրելու կարողությանը. այդ թվում`
- ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, ինքնուրույն կամ գործընկերների հետ առանձին դասընթացների, թեմատիկ միավորների ծրագրեր մշակելու, դասերի պլաններ մշակելու,
- ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական նախագծեր մշակելու,
- ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական ճամբարի նախագիծ մշակելու և կազմակերպելու.
- ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու,
- ուսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու կարողությանը, այդ թվում`
- անհատականացված ուսուցում իրականացնելու,
- սովորողի տարիքային, հոգեբանական և կազմաբնախոսական առանձնահատկությունները, անհատական և խմբային գործունեության շարժառիթներն ու վարքագիծը հաշվի առնելու,
- կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու,
- ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու.
- գնահատման կարողությանը՝ դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց,
- անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարելու կարողությանը` որպես ուսուցման և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու միջոցի,
- մասնագիտական զարգացման հմտություններին, այդ թվում`
- ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարելու, ամփոփելու և եզրակացություններ ներկայացնելու,
- սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու:
- Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում է դպրոցի, քոլեջի ուսումնական պլանով, որն արտացոլվում է Պլանում:
- Մանկավարժական աշխատողի համար կրթահամալիրում, կրթահամալիրի մասնագիտական ուսուցման կենտրոնում կազմակերպվում են մասնագիտական զարգացման դասընթացներ:
- Մանկավարժական աշխատողը մասնակցում է Տնօրենի, մասնաճյուղի ղեկավարի, ուսումնական կենտրոնի սեմինարներին և քննարկումներին, անհատական պլանով սահմանված չափով հանդես է գալիս որպես վերապատրաստող:
- Ուսումնական ծրագրեր իրականացնող ուսուցիչ-դասավանդողի աշխատաժամանակի տևողությունը (1) շաբաթական 33 ժամ է: Նրա ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը (2): Երկարօրյա դաստիարակի աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 30 ժամ է, նախադպրոցական խմբերի դաստիարակի և մյուս դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` շաբաթական 36 ժամ: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում Տնօրենը ընդունում է դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին անհատական իրավական ակտ:
- Մանկավարժական աշխատողի ուսումնական գործունեության (ուսումնական պարապմունքներ) մեջ ներառվում են`
- պարտադիր հանրակրթական առարկայի դասավանդում,
- սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպում և ղեկավարում,
- սովորողի ընտրությամբ առարկաների և դասընթացի դասավանդում,
- մասնագիտական կամ նախամասնագիտական դասընթացի դասավանդում,
- սովորողների նախասիրությունների զարգացման ակումբի վարում,
- ուսումնական կենտրոնում, դպրոցում կազմակերպվող լրացուցիչ կրթության դասընթացի վարում,
- ուսումնական ճամփորդության կազմակերպում,
- սովորողների ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերի ղեկավարում,
- սովորողի հետազոտական աշխատանքի ղեկավարում,
- քոլեջի ուսանողների մասնագիտական փորձառության ղեկավարում,
- կրթահամալիրի սովորողների ընդունելություն։
- Պլանից դուրս մանկավարժական աշխատողը սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակներում կարող է կատարել այլ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական, վարչական, ուսումնաօժանդակ աշխատանք: