-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:
Ես աշխարհի ամենասովորական Սյուզիներից մեկն եմ` Սյուզի Մարգարյան, որ մուտք գործեց կրթահամալիր պլանավորված պատահականության սկզբունքով:Դա սկիզբ էր նոր կյանքի, նոր ապրելակերպի, որովհետև գործն ինձ համար մինչ այդ ապրելակերպ չէր եղել, և ավելին՝ կրթահամալիրը դարձավ ինձ համար կենսատեղի, և առաջին բարևը, առաջին մարդը, որ սկիզբ դրեց իմ մուտքին դեպի կրթահամալիր՝ Տաթև Բլեյանն էր: Շարունակությունը պատմելու կարիք չկա, քանի որ 2007 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հիմա անցնում եմ մի ճանապարհ, որ, եթե ամեն օրն էլ արձանագրեմ, կլինի նույնքան հետաքրքիր, որքան առաջին օրը:
-Ձեր աշխատանքային գործունեության ամենահիշարժան ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:
- Երևի թե այն քիչ երջանիկներից եմ, որոնց համար կյանքի ոչ մի փուլ չի բաժանվում «ավելի լավ» կամ «ավելի վատ» շրջանների: Սիրում եմ բոլոր առավոտները, կրթահամալիր բերող երթուղայինները, կրթահամալիրի «դժվար» ու «հեշտ» սովորողներին, մի խոսքով` կրթահամալրում ապրող սեբաստացիներին: Չեմ ասի, թե որն է եղել իմ աշխատանքային կյանքի ամենաբեղուն շրջանը, որովհետև ձգտում եմ ավելիին և միգուցե չեմ հասել դրան:
Հետաքրքիր շրջան էր…..
Հիմա ավելի հետաքրքիր է…..
Վաղն ավելի հետաքրքիր կլինի….
- Կարո՞ղ եք մի հետաքրքիր միջադեպ հիշել:
Չափազանց դժվար է կրթահամալիրի բուռն առօրյայից առանձնացնել հիշարժան դեպքերը, բայց կան դրվագներ, որոնք երևի մինչ օրս էլ չեն մոռացվել ոչ միայն իմ, այլ նաև հիշողների կողմից: Միջադեպը կապված է մի շրջանի հետ, երբ ներկայացա կրթահամալիր` որպես լողի առաջին կին մարզիչ, և ինձ մոտ տպավորվել է կրթահամալրում աշխատող Հայկ անունով մեկ այլ մարզիչի լողուսուցման մեթոդները, որոնցից մի քանիսը դարձել էին բերանի «շաքար» արտահայտություններ. «Սըկըմ ենք», «լողըմ ենք» և այլն:
- Ի՞նչ մաղթանքի խոսք ունեք Սեբաստացու այս օրերին:
- Աշխարհի բոլոր սեբաստացիներին մաղթում եմ.
Սեբաստացիական հավատարմություն
Սեբաստացիական անմիջականություն
Սեբաստացիական համառություն
Սեբաստացիական թեթևություն
Սեբաստացիական խենթություն:
Հարցազրույցը վարեց Գոհար Գաբրիելյանը, քոլեջ