Այսօր հանրապետության 1400 դպրոցներից միայն մեկում չի հնչում վերջին զանգը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վերջին զանգին հրաժեշտ են տվել 15 տարի առաջ: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը սեփական հիմնավորումն ունի:
Կրթահամալիրում «Ցտեսություն, ցնծություն» խորագիրը կրող միջոցառումն առանձնանում է իր կառուցվածքով, շրջանավարտները խոսում են իրենց ազատությունից, քաղաքացի լինելուց… կա երգ ու պար, չկա ճառ ասող:
Մի քանի օրից մեկնարկում է քննական շրջանը, սակայն, ըստ Բլեյանի՝ կյանքը քննություն է, չի կարող դպրոցը կենտրոնանալ ավարտական քննությունների վրա, քննությունն անընդհատ է:
Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը փաստում է՝ այս կրթօջախում կրթական ծրագրի հիմքում քաղաքացի ձևավորելու խնդիրն է:
Նարեկ Սահակյանը վերադարձել է Միացյալ Նահանգներից՝ ընկերների հետ նշելու «Ցտեսություն, ցնծությունը»: Նա ուրախ է, որ իր դպրոցում ավարտական միջոցառումը ավանդույթից դուրս է կազմակերպվում, գնահատում է կրթահամալիրի տված ազատությունը:
Ավարտական դասարանները ռեստորանային խնջույք չեն կազմակերպում, փոխարենը նախընտրում են ճամփորդությունը:
Կրթահամալիրում անցնում են «Մասնագիտական կողմնորոշում» առարկան: Կարինե Կիրակոսյանը կողմնորոշվել է՝ լրագրող է դառնալու: