Պատումը՝ Մանե Հակոբջանյանի բլոգում։
․․․Բուլղարացիների հետ ծանոթացանք, երբ իմացա, որ բուլղարացի աղջիկը՝ Ալեքսանդրան, սիրում է ու կարդում է «Հարրի Փոթթեր» գիրքը, ուրախացա: Մեր ջոկատում կային նաև երկու բուլղարացի տղա՝ Ստեֆանը և Ատանասը: Հետագայում պարզվեց, որ Ստեֆանը Արամի հետ ընկերացել է, իսկ Ատանասը Հայկին էր ճանաչում: Նրանք մեզ բուլղարերեն սովորեցրին: Եթե անկեղծ, նրանց սովորեցրած բառերից միայն «Զմիյա»-ն եմ հիշում, որը նշանակում էր՝ օձ: Բուլղարերենը նման էր ռուսերենին:
Հույների հետ մտերմացանք առաջին օրվանից, երբ հույն աղջիկ Հելենը հարցրեց, թե որ երկրից եմ: Երբ իմացավ, որ հայ եմ, միանգամից ժպտաց: Արամի և Գոռի ջոկատի հույները հայերեն էին սովորել, նրանք գալիս էին ու բոլոր հայերին պարզ ժպտալով ասում էին «Բարև»: Հասկացա, որ նրանց համար հայերենը բարդ էր, դրա համար որոշեցի հետ չմնալ ու խնդրեցի Հելենին ինձ հունարեն սովորեցնել: Դրանից հետո հույները ինձ ասում էին «Բարև», իսկ ես նրանց «Գյա»(հունարենից թարգմանաբար նշանակում է «բարև»):
Ամերիկացիները իրականում հումորասեր ու հասկացող տղաներ էին, նրանք բոլորիցս լավ էին խոսում անգլերեն, սակայն երբ մենք սխալներ էինք անում, նրանք մեզ օգնում էին ուղղել մեր սխալը, այլ ոչ թե ծիծաղում էին մեզ վրա: