Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը։ «Վերջին քսան տարիների ընթացքում թերևս առաջին անգամ ուսուցիչներս այս տոնը նշում ենք ազատ ու կայացած Հայաստանում»,- ասում է Վահրամ Թոքմաջյանը։ Նա ներկայում պատմություն է դասավանդում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Վահրամը մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը մասնակցած ուսուցիչներից է. «Փողոցում էին նաև իմ սովորողներն, ու դա շատ լավ էր։ Շատերն էին մեղադրում, թե երեխաները փողոց պետք է դուրս չգան, սակայն 14 տարեկան մարդը երեխա չէ։ Աշխատանքային օրենսգրքով նա ունի սահմանափակ աշխատանք կատարելու իրավունք, 15 ու 16 տարեկանները՝ ավելի շատ։ Այսինքն՝ դու այդ աշակերտին տալիս ես իրավունք աշխատելու ու հարկեր մուծելու, բայց փողոց դուրս գալու իրավունք չե՞ս տալիս»։ Վահրամը շեշտում է՝ եթե աշակերտը փողոցում է, ապա ուսուցիչը, անկախ գաղափարական տարաձայնություններից, պետք է նրա կողքին լինի։
«Քաղաքացին ըմբոստ պետք է լինի, և դու քո օրինակով ցույց տուր այդ ըմբոստությունը»,- ընդգծում է Վահրամը։ Նա կարծում է, որ ուսուցչությունը մոլություն է. «Երբ աշխատում ես ուսուցիչ, այն դառնում է մոլություն ու թույլություն, դու չես կարողանում միջավայրը փոխել»։
Վահրամն ուսուցչի իր առաքելությունը համարում է սովորողին օգնել մտածել, հարցեր տալ ու կասկածել։
Աղբյուրը՝ civilnet.am