• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես պահպանել բնությունը

Դժվար է չնկատել, որ շրջապատող բնությունը մեր օգնության կարիքն ունի: Սակայն հաճախ մարդիկ անում են ճիշտ հակառակը՝ կոպիտ են վերաբերվում բնությանը եւ վարվում են ինչպես «սպառողներ»: Բայց այդ դեպքում ի՞նչ կտեսնի ապագա սերունդը: Դժվար թե ինչ որ լավ բան: Դրա համար պետք է ջանք ներդնել եւ աշխատել փրկել բնությունը:

 
Ինչի՞ համար ենք մենք ապրում աշխարհում: Ո՞րն է մարդկային կյանքի իմաստը: Ի՞նչ հետք կթողնենք Երկրագնդի վրա: Ինչքան հաճախ ենք մենք մեզ տալիս այս հարցերը: Բայց փորձելով պատասխանել դրանց, առաջի հերթին մտածում ենք մասնագիտության մասին, աշխատանքի մասին, գիտության եւ տեխնիկայի նվաճումների մասին: Մենք մտածում ենք նաեւ մեր հարազատների մասին, ընկերների մասին, ինչպիսի օգուտ կտանք մեր հարազատներին, ծանոթներին կամ անծանոթ մարդկանց: Մենք գիտենք, որ այդ ամենը մեր ներդրումն է մարկանց բարեկեցության զարգացման համար: Բայց արդյո՞ք մենք մտածում ենք, որ օգուտ տալ մարդկությանը հոգ տանելով միայն մարդկության բարեկեցության մասին, անհնար է: Որովհետեւ մարդը ոչինչ է առանց իրեն շրջապատող կենդանի եւ մեռած բնության: Մենք երբեք չենք կարող փրկել մարդկությունը՝ չպահպանելով բնական ռեսուրսներն ու հարստությունները: Բնությունը՝ կենդանիներն ու բույսերը, թռչունները, անուշահոտ խոտաբույսերն ու ծաղիկները, օդը, որը մենք շնչում ենք, կապույտ երկինքը փափուկ ամպերով գլխի վերեւում, օվկիանոսային անհուն տարածքները, բյուրեղյա լեռնային գետերը, գույների, հոտերի ու ձայների աշխարհը եւ Մայր-Հողի անսպառ ընդերքը, որը բավարարում է մեր բարեկեցությունը՝ այս ամենը միշտ էլ գոյություն է ունեցել, եւ ինչպես մեզ է թվում , հավետ գոյություն կունենա: Բայց մենք չարաչար սխալվում ենք այդպես մտածելով: Անուղղելի վնաս է հասցրել բնությանը Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանը: Տուժել են բոլոր բնական բաղադրիչները և մարդիկ, եւ դա ցավոք միակ օրինակը չէ: Մարդկանց անբավարար էկոլոգիական դաստիարակությունը բնապահպանության խնդիրներին իրենց անտարբեր վերաբերմունքի արդյունքն է, որը բերեց այն բանին, որ ժամանակակից էկոլոգիական իրավիճակը դարձել է ծայրահեղ վտանգավոր: Բարեբախտաբար, վերջերս մարդիկ սկսեցին գիտակցել վտանգը, որը կրում է բնության ոչնչացումը: Սկսել են գիտակցել , որ հաճախ իրենց անմիտ եւ անպատասխանատու գործողություններով իրենք են կործանում այն գեղեցկությունը ու հարստությունը, որն ունենք, որով հիանում ենք եւ ուզում ենք հիանալ ամեն օր:
 
Կարելի է երկար խոսել մարդու եւ բնության հարաբերությունների մասին, բայց կարեւորն այն է, որ բնությունը դա մեր անցյալն է եւ մեր ապագան: Սխալ է նա, ով համարում է, որ մարդկության ամենամեծ ձեռքբերումը դա այն է, որ մենք կարողացել ենք հաղթել բնությանը, հնազանդեցնել նրան մեր ցանկություններին եւ պահանջմունքներին: Իրականում այստեղ հպարտանալու բան չկա: Նվաճելով բնությունը՝ մենք խախտել ենք նրա ներդաշնակությունը, ինքներս վերացրել ենք այն «օղակը», որը կապում էր մեզ ուրիշ մարդկանց հետ: Ավելին, մենք վերացրել ենք այն «օղակը», որը կապում է մեզ մեր իսկ ներաշխարհի հետ:
 
Եթե անհետանա ներդաշնակությունը բնության մեջ, կկորի նաեւ մարդու մեջ: Եվ նույնիսկ միայնակ մնալով մարդը չի զգա երջանկություն, եւ նրան չի բավարարի իր կյանքը: Ու՞ր է գնում այդպիսի հասարակությունը: Այն անարգել գնում է սեփական կործանմանը:
Ստանալով գիտության եւ տեխնիկայի նորագույն ձեռքբերումներ, մարդկությունը կանի ամեն ինչ, որպեսզի ուղղի իր սեփական կործանմանը այն բնական ուժերը, որոնք կարողացել է բացահայտել եւ հաղթել:
 
Բայց մենք դեռ ունենք հնարավորություն պահպանել ինքներս մեզ, պահպանել մարդկությունը, եթե փորձենք լսել ինքներս մեզ, եթե անենք ամեն ինչ Մայր-բնության փրկության համար:
 
Այնպես որ, եկեք լինենք խելամիտ, հարգենք եւ պահպանենք հարազատ հողը, ինչպես հարգում, սիրում եւ պաշտպանում ենք մեր հարազատ մորը: