Ես կողմ եմ կրկնուսույցի գործառույթին
Յուրա Գանջալյան
Ճապոնիայում, որը համարվում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, տարբերվում է այլ երկրներից նաև նրանով, որ կրկնուսուցմանը մեծ տեղ են տալիս կրթական տարրական աստիճանում, ցածր դասարաններում, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել ավագ դպրոցի ընդունելության քննությունները: Փաստորեն ավագ դպրոցի ընդունելության քննությունները իրենց կյանքի քննություններն են: Այս քննությունների արդյունքներն են որոշում, թե տվյալ աշակերտը որ ուղղությամբ կարող է շարունակել իր կրթությունը ` բնագիտական, հումանիտար, արվեստ, թե՞ արհեստներ: Այդ պատճառով էլ ծնողները առաջին դասարանից սկսած դիմում են հմուտ կրկնուսույցների օգնությանը: Եկե՛ք չշտապենք քննադատել ճապոնացիներին: Նրանք օր առաջ ուզում են բացահայտել իրենց երեխաների ունակությունները: Եվ նրանք հասնում են իրենց նպատակին: Արդյունքը ակնառու է: Ճապոնացի երեխաների 97,8%-ը հաղթահարում է ավագ դպրոցի ընդունելության քննությունները: Ճապոնիայում ուսուցչի աշխատավարձը մոտ 20 անգամ գերազանցում է մեր ուսուցիչների աշխատավարձը, իսկ ծնողներինը` էլ ավելի:
Ավստրալիայում գործում է կրկնուսույցների ավստրալիական Միությունը (Australian Tutoring Association). Այս երկրում կրկնուսուցումը ո՛չ տարերային, այլ շատ կազմակերպված ձևով գործում է տարիքային բոլոր խմբերի և կրթական բոլոր աստիճանների համար`տարրական դասարաններից մինչև համալսարաններ: Կրկնուսույցները անհատական ծրագրեր են ներկայացնում և ստանում են կրկնուսույցի գործով զբաղվելու թույլտվություն: Նրանք ընտրվում են ըստ իրենց ակադեմիական գիտելիքների, դասավանդման փորձառության աստիճանի, մարդկային հատկանիշների և վստահելիության աստիճանի:
Չափազանց ուշագրավ է Ֆինլանդիայի կրթական համակարգը: Ֆինլանդիայի բնակչությունը 5,4 մլն է իսկ 2003թ կրթությանը հատկացված բյուջեն`5,9 մլրդ եվրո է եղել: Այստեղ դպրոց են հաճախում 7 տարեկանից և հիմնական դպրոցի ամբողջ ժամանակաշրջանում երեխաները ստանում են երեքանգամյա անվճար սնունդ: Աշակերտները տուն են գնում կուշտ և դասերն արդեն սովորած: Ավագ դպրոցում սովորողների 60%-ը գիմնազիստներն են` ապագա համալսարանականները, իսկ 40%-ը ներգրավված են տարբեր արհեստների, տարբեր տեսակի աշխատանքների գործնական հմտությունների յուրացման մեջ:
Stefan WallinNational education budget(2003) Budget: € 5.9 billion (1100 € per capita) General Details Primary Languages: Finnishand SwedishSystem Type: National Current system since 1970s Literacy(2000) Total: 100 Male: 100 Female: 100 Enrollment Total: n/a Primary: 99.7% (graduating) Secondary: n/a Post Secondary: n/a Attainment Secondary diploma60% ac., 45% voc. Post-secondary diploma25% (of pop.) Secondary and tertiary education divided in academic and vocational systems
Գերմանիայում այլ կերպ են հասնում այս նույն բաղձալի նպատակին: Այս երկրում դասվարների աշխատատեղերի համար շատ մեծ մրցակցություն կա տարբեր համալսարանները գերազանց առաջադիմությամբ ավարտածների միջև, քանի որ կրթական ասպարեզոււմ դասվարների աշխատավարձը ամենաբարձրն է: Պետական կրթական քաղաքականությունն այնպես է տարվում, որ գերմանիայում ծնողները վստահ են, որ իրենց երեխայի հետ ամեն օր շփվում է, նրան դասավանդում է իր գործին նվիրված, մեծ պատասխանատվություն ունեցող, ուսումնատենչ, հարուստ գիտելիքներով մանկավարժը, որի գերագույն նպատակն է օգնել երեխային բացահայտելու իր ունակությունները: Արդյունքն այստեղ նույնպես ակնառու է: Ի տարբերություն մեր երկրի, Գերմանիայում աշակերտները դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չեն ձգտում համալսարաններ ընդունվել: Առաջին կուրսեցիների միջին տարիքը 20-22 է:
Իսկ մեր երկրու՞մ. Որքա՞ն աշխատավարձ են ստանում Հայաստանի հանրակրթական դպրոցների դասվարները: Ի՞նչ կրթություն ունեն Հայաստանի հանրակրթական դպրոցների դասվարները: Ես նկատի չունեմ դիպլոմը: Ու՞մ ենք վստահում մեր փոքրիկներին: Երկար տարիներ դպրոցում աշխատելով միշտ զարմացել ու հիացել եմ առաջին, երկրորդ, երրորդ... մի խոսքով ցածր դասարանների աշակերտների ուսումնատենչությամբ վառվող աչքերին նայելով: Թափահարելով պարզում են ձեռքերն ու գրեթե գոռում ու պահանջում` ես ասեմ, ես ասեմ, ես ասեմ, ես.., ես.., ես…, : Ի՜նչ պայքար է գնում, պայքար` աշխարհաճանաչման, պայքար` ինքնահաստատման, որ ես կամ, ես այստեղ եմ, նայե՛ք ինձ, սիրե՛ք ինձ: Երջանիկ են այն երեխաները, ում դասվարները այն են, ինչ պետք է որ լինեն` հենց այդ նույն երջանիկ պատահականությամբ: Այդ լավ դասվարներն աղետալի չափով քիչ են մեր երկրում, ու որպես դրա արդյունք` ինչ-որ մի օր իջնում է պարզած մի ձեռք, “ես ասեմ”-ը վախվորած է դառնում ու կամա՜ց կամա՜ց մարում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Մեր իններորդցիները ձևական քննություններով տեղափոխվում են ավագ դպրոց: Նրանց ճնշող մեծամասնությունը չունի ռեալ գիտելիքներ: Ավագ դպրոցներն էլ ֆինանսավորման պահանջից ելնելով ընդունում են ցանկացած դիմողի: Դպրոցի ավարտական քննությունները նորից ձևական են անցնում: Ռեալ գիտելիքներ են ցուցաբերվում միայն միասնական քննություններին, որը հիմնականում կրկնուսույցների աշխատանքի արդյունքն է: Թող գտնվի մեկը, ով կապացուցի հակառակը:
Եզրակացություն
Ինչպես ցույց է տալիս մեր և տարբեր երկրների կրթական համակարգերի վերլուծությունը, լուրջ կրթությունը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում` կամ ծնողների կամ պետության կողմից: Իր տեղը արմատավորած ու, ինչ-որ ձևով, լուրջ կրթության գործն իրականացնող կրկնուսույցի աշխատանքին դեմ լինելուց առաջ պետք է հարց տալ. Արդյո՞ք մեր պետությունը Ֆինլանդիայի նման պատրաստ է այդ լուրջ առաքելությունը իրականում ու ամբողջությամբ իր վրա վերցնելու: Մի բան պարզ է. երեխաներին չի կարելի խաբել:
12.02.2011թ.