Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում` 1-6-րդ դասարանում, իրականացվում է օտար լեզուների (ռուսերենի, անգլերենի) և մեդիահմտությունների խորացված ուսուցման ծրագիրը: Ուսումնական պլանով նախատեսված են օտար լեզուների, համակարգչի ու ինտերնետի ուսուցում և գործածում առաջին դասարանից, օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ:
- Օտար լեզուների ուսուցումը 1-ին դասարանից կազմակերպվում է մեդիամիջոցների օգտագործմամբ:
- 2-րդ դասարանից սկսած` կրթահամալիրի սովորողները, բոլոր ուսուցիչները, ծնողները ունեն հրապարակված էլեկտրոնային հասցեներ: Էլեկտրոնային փոստը օգտագործվում է ուսումնական նպատակով:
- Ուսումնական պլանով նախատեսված է սովորողի ընտրությամբ գործունեություն`
- 5-6-րդ դասարանում` լրագրող-թարգմանչի,
- 7-9-րդ դասարանում` օտար լեզուների-թարգմանության:
- Ավագ դպրոց-վարժարանում գործում են օտար լեզուների-թարգմանության, արևելագիտության, քաղաքագետ-իրավագետի խորացված ուսուցման 10-րդ դասարաններ: Խորացված ուսուցման ուսումնական պլաններով նախատեսվում է երրորդ օտար լեզվի ուսուցում. «Երրորդ օտար լեզուն թվարկվածներից (ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, վրացերեն, ադրբեջաներեն, արաբերեն, չինարեն) մեկն է` սովորողի ընտրությամբ»:
- Կրթահամալիրը երաշխավորում է այլ դպրոցից տեղափոխվողի սովորած օտար լեզվի հետագա ուսուցումը, օտար լեզուների ուսումը մեդիա պայմաններում:
- Կրթահամալիրի կայքում գործում է թարգմանական լրատվական գործակալությունը, որի լրագրողները կրթահամալիրի սովորողներն են: Նրանք այլ լեզուներից հայերեն են թարգմանում-փոխադրում օտարալեզու ԶԼՄ-ների` իրենց հետաքրքրող նորությունները, օտար լեզուներով պատմում կրթահամալիրի նորությունները:
- Քոլեջում դասվար-դաստիարակների մասնագիտական կրթության մեջ կարևորվում է օտար լեզուների ուսուցումը:
- Կրթահամալիր աշխատանքի ընդունվող ուսուցիչներին ներկայացվող մրցութային պահանջների մեջ ներառված է նաև հետազոտական աշխատանքում օտար լեզուների գործածումը:
- Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցում) ժամանակ, հետազոտական աշխատանք և ուսումնական-հասարակական նախագծեր իրականացնելիս գործնականում կիրառում է օտար լեզուներ:
- 5-րդ դասարանից սկսած բոլոր սովորողները լրացնում են ամսական հաշվետվություն (էլեկտրոնային), որում պատմում են նաև օտար լեզուների կիրառության մասին:
- Կրթահամալիրում իրականացվում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի, գերմաներենի, արաբերենի, վրացերենի լրացուցիչ ուսուցում:
- Օտար լեզուների ուսուցման համար կրթահամալիրի օտար լեզուների ուսուցիչներն ստեղծում են ծրագրեր, էլեկտրոնային ձեռնարկներ և ուսումնական նյութեր:
- Ամեն ուրբաթ` 15.00, կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպվում է սովորողների և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերի և ֆիլմերի ներկայացում:
- Տարին երկու անգամ կազմակերպվում են օտար լեզվի-թարգմանության ստուգատեսներ:
- Կրթահամալիրի բոլոր դասավանդողների մասնագիտական զարգացման ծրագիրը ներառում է նաև օտար լեզուների ուսուցում (մշտական սեմինարներ): Կրթահամալիրը խրախուսում-օժանդակում է դասավանդողներին օտար լեզուների ուսուցումն ու հմտությունների զարգացումը շարունակական դարձնելու գործում:
- Կրթահամալիրում փոխանակման ծրագրեր են իրականցվում նաև այլալեզու դպրոցների (սովորողների, ուսուցիչների) հետ. կրթահամալիրում եղել են ֆրանսիացիներ, արգենտինացիներ, թիֆլիսցի ուսուցիչներ և սովորողներ, մոսկովյան «Ռոդոնեժ» ուղղափառ գիմնազիայի սովորողներ և ուսուցիչներ, ԱՄՆ Բալթիմորի գեղարվեստական քոլեջից, Բելգիայից: Մեր դասավանդողները և սովորողները մասնակցում են միջազգային գիտական և ստեղծագործական հավաքների: Հյուրընկալելիս և հյուր գնալիս սովորողները հաղորդակցվում են օտար լեզուներով: Միջազգային հավաքների նյութերը ստեղծվում կամ թարգմանվում են օտար լեզուներով:
- Կրթահամալիրում իրականացվում է պետական այընտրանքային կրթական ծրագիր, որի հեղինակները դասավանդողներն են, որոնք ծրագրերը, ուսումնական նյութերը, ձեռնարկները ստեղծում են նաև օտար լեզուների կիրառմամբ:
- Շարունակ ընդարձակվում է համագործակցությունը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հետ (ընդհանուր աշխատողներ, համալսարանում կազմակերպված սեմինարներին և միջոցառումներին կրթահամալիրի մասնակցություն, համալսարանի ուսանողների մասնագիտական փորձառության կազմակերպում):