Նկարագրություն:
Կապույտն այնտեղ`կապույտ մի դող,
Աղբյուրները՝ պատարագ,
Բարդիները լույս պաղատող
Սրբի ձեռքեր են բարակ:
Շողը այնտեղ դիպչում ցողին,
Աստղ է ծնում ու ասուպ,
Աղբյուրները ամբողջովին
Լույս են, լույսի արտասուք...
Հեռուն այնտեղ այնքան մոտիկ,
Մոտիկն այնքան է հեռու,
Որ թե գնաս ոտաբոբիկ,
Պիտի հալվես լույսերում:
Պիտի թվա, թե աշխարհում
Չկա մահվան շունչը ցուրտ,
Կա լույսի հետ խառնվելու
Պարզ ու պայծառ մի խորհուրդ...
Վահագն Դավթյան, «Այնտեղ»